Ադամ և Խևա
Ադամ և Խևա ռուս.՝ Адам и Хева | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 1969 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքսեյ Կորենև |
Սցենարի հեղինակ | Աբու-Բաքար Ահմադխան |
Դերակատարներ | Մհեր Մկրտչյան, Եկատերինա Վասիլևա, Գեորգի Գեգեճկորի և Ռամազ Գիորգոբիանի |
Օպերատոր | Անատոլի Կուզնեցով[1] |
Երաժշտություն | Մուրադ Կաժլաև |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 71 րոպե |
«Ադամ և Խևա» (ռուս.՝ «Адам и Хева»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ։ Նկարահանվել է ռեժիսոր Ալեքսեյ Կորենևի կողմից Ահմեդխան Աբու Բաքարի սցենարով, որ գրվել է վերջինիս «Ձյունե մարդիկ» վիպակի հիման վրա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործողությունները ծավալվում են Դաղստանի բարձրլեռնային աուլում։ Գերեզմանափոր Բեքիրը, այրվելով տաք ապուրից, զայրացած տնից վռնդում է կնոջը՝ Խևային, բայց շուտով զղջում է իր արարքի համար ու ցանկանում վերադարձնել նրան։ Սակայն, ըստ շարիաթի օրենքի, դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ նա նորից ամուսնանա և տնից վռնդվի նոր ամուսնու կողմից։ Պայմանավորվելով ամուրի վարսավիր Ադամի հետ՝ Բեքիրը ժամանակավորապես նրա հետ ամուսնացնում է իր արդեն նախկին կնոջը, որպեսզի նա կարողանա հնարավորինս շուտ վերադառնալ տուն։
Բայց ո՛չ Ադամը, ո՛չ Խևան չեն ցանկանում բաժանվել։
Բեքիրի ու Ադամի վիճաբանության ժամանակ վերջինս անհետ կորչում է, և Բեքիրին մեղադրում են վարսավիրի սպանության մեջ։ Այդ ժամանակ լեռներում հայտնվում է կապտար՝ սառցե մարդ, որի գոռոցը լսվում է շրջակայքում։ Փրկվելով իշխանությունների հետապնդումներից՝ Բեքիրը փախչում է աուլից և մի անգամ հանդիպում անվնաս Ադամին, որը թաքնվում է լեռներում, և որին մարդիկ համարում էին կապտար։ Գերեզմանափորն ու վարսավիրը հաշտվում են ու վերադառնում աուլ։
Շուտով աուլի բնակիչներն վերաբնակվում են հարթավայրում։ Խևան մնում է Ադամի հետ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրունզիկ Մկրտչյան – Բեքիր
- Եկատերինա Վասիլևա – Խևա
- Գեորգի Գեգեճկորի – Ադամ
- Ռամազ Գիորգոբիանի – Չամսուլա
- Ավետ Ավետիսյան – Ալի Խուժա
- Լյուբով Դոբրժանսկայա – Այբալա
- Իվան Կուզնեցով – Կարա Հարթում
- Եվգենի Լեբեդև – Խամադար
- Անաստասիա Վոզնեսենսկայա – Այշաթ
- Դոնարա Մկրտչյան
- Վալենտին Բրիլեև
- Եվգենի Գուրով – դաղստանցի ծերունի
- Եֆիմ Կոպելյան – հեղինակի տեքստ
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր գլխավոր հերոսների դերասանական վարպետությունն արժանացել է քննադատների բարձր գնահատականին. «Գերեզմանափոր Բեքիրին Մհեր Մկրտչյանը խաղում է զարմանալիորեն ինքնամոռացությամբ, բոլոր իրադրությունների բնականության ցնցող հավատով, որոնց մեջ ընկնում է նրա հերոսը.... Դերի բոլոր առաջարկվող իրավիճակների հանդեպ դերասանի հավատն ապշեցուցիչ է։ Որքան է պետք այդպիսի հավատ, որքան խորը պետք է լինի այն, և հավանաբար իսկապես մանկական, որ ոչ մի վայրկյան չկեղծի, օրինակ՝ այն տեսարանում, երբ Բեքիրը գյուղխորհուրդ է բերում կապված Եվային, որպեսզի (աստված նրանց՝ սովորույթների հետ) իրենց գրանցեն գոնե զագսով»[2]։ Խևայի դերը համարվում է Եկատերինա Վասիլևայի առաջին առավել նշանակալի աշխատանքներից մեկը[3]։
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսեյ Կորենև
- Սցենարի հեղինակ՝ Ահմեդխան Աբու Բաքար
- Բեմադրող օպերատոր՝ Անատոլի Կուզնեցով
- Բեմադրող նկարիչ՝ Բորիս Նեմեչեկ
- Կոմպոզիտոր՝ Մուրադ Կաժլաև
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Кино: Энциклопедический словарь (ռուս.) / под ред. С. И. Юткевич — М.: Советская энциклопедия, 1987. — 640 с. — 100000 экз.
- ↑ Тимченко М. Актёры советского кино. — М.: Искусство, 1974.
- ↑ Парфенов Л. Актерская энциклопедия. Кино России. Выпуск 2. — НИИ киноискусства, 2008. — 228 с. — 1000 экз. — ISBN 978-5-91524-003-1
|